Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրները պատմում են, որ վերջին շրջանում յուրօրինակ մետամորֆոզներ են տեղի ունենում արմատական ընդդիմության շարքերում: Դրանք անմիջականորեն հիշեցնում են իշխանության ներսում տեղի ունեցող պրոցեսները: «Նախ, թեժ պայքար է գնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի մերձ լինելու, նրա ուշադրությունը գրավելու, նրա համակրանքը շահելու համար:
Եվ ոմանք առավել անընդունելի են համարում, որ վերջին շրջանում դա նկատվում է նաեւ երիտասարդների շրջանում: Հետո, նկատելիորեն ավելացել է քծնանքի բաժինը: հատկապես, սեղանների շուրջ է դա նկատվում: Ասում են` սեղան նստելուց առաջ մոտ մի ժամ կռիվ է գնում, թե ով որտեղ է նստելու:
Բնականաբար` կռիվը Տեր-Պետրոսյանին մոտ նստելու համար է: Ավանդական հայկական սեղաններ չսիրող, կենացների նկատմամբ ատելություն ունեցող Տեր-Պետրոսյանը սկսել է ներողամտորեն վերաբերվել իր հասցեին ասվող դիֆերամբներին: Եթե այդ շրջանակներում ժամանակին ծաղրում էին «թագավորի» կենացը խմող ծառուկյանականներին, ապա կոնգրեսականներն են սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանին «թագավոր» անվանել եւ մեծարանքներ շռայլել:
Իսկ Տեր-Պետրոսյանի կարծիքից տարբերվող կարծիք ավելի ու ավելի հազվադեպ է հնչում` մարդիկ հասկացել են, որ ՀՀ առաջին նախագահին դուր չի գալիս, երբ իրեն հակաճառում են:
Փոխարենը` շատ բարձր է գնահատում իր նկատմամբ անձնական նվիրվածությունը : Եվ Կոնգրեսում առանձանպես մեծ հեղինակություն չունեցող Լեւոն Զուրաբյանի «երկարակացությունը» հենց այդ նվիրվածությամբ են բացատրում», - «Հրապարակ»:




























