«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների հետ կապված երեկ` օգոստոսի 26-ի երեկոյան ոստիկանություն է հրավիրվել Աշոտ Սնջոյանը, ով գործում ներգրավվել է որպես կասկածյալ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ Աշոտ Սնջոյանը հարցաքննվել է եւ քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ է արձակվել: Այլ կասկածյալների կամ գործի շրջանակներում հարցաքննվածների մասին Արմեն Մալխասյանը ոչինչ չնշեց: Նշենք, որ Աշոտ Սնջոյանը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից է:
Հիշեցնենք, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանում միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Հարսանեկան արարողության ժամանակ վեճ էր ծագել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ: Արդյունքում հրազենային վնասվածքներ էին ստացել 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Վերջերս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը անդրադարձել էր այս դեպքին` նշելով, որ «սովորական միջադեպ էր հարսանիքի ժամանակ»:



























