ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չսահմանափակել նեոդիմային մագնիսների ներմուծումը, որոնք հիմնականում գալիս են Չինաստանից եւ օգտագործվում են էլեկտրամոբիլներում, հողմային տուրբիններում եւ մի շարք այլ տեխնիկական ու պաշտպանական ոլորտներում, հայտնել է Սպիտակ տունը:
Այս որոշումը թույլ է տալիս խուսափել հերթական առեւտրային պատերազմից Պեկինի, ինչպես նաեւ Ճապոնիայի, Եվրամիության եւ այլ երկրների հետ, որոնք մագնիսներ են արտահանում կամ հույս ունեն դա անել՝ առաջիկա տարիներին պահանջարկի սպասվող աճը բավարարելու համար։ Դա նաեւ պետք է փարատի ԱՄՆ ավտոարտադրողների եւ այլ արտադրողների մտահոգությունները, որոնք պատրաստի արտադրանք ստեղծելու համար ապավինում են ներմուծվող մագնիսներին, գրում է Politico-ն։
Բայդենի որոշումը հիմնված է Առեւտրի նախարարության 270-օրյա հետաքննության արդյունքների վրա, որոնք պարզել են, որ հզոր մագնիսների ներկրումից ԱՄՆ-ի կախվածությունը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, եւ առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել ներքին արտադրությունն ավելացնելու համար:
Հազվագյուտ հողի մագնիսներն օգտագործվում են նաեւ ռազմական կործանիչներում եւ հրթիռների ուղղորդման համակարգերում, ի լրումն այլ առեւտրային ծրագրերի, ինչպիսիք են համակարգչային կոշտ սկավառակները, սմարթֆոնները եւ ՄՌՏ սարքերը:
Առեւտրի նախարարության զեկույցում խորհուրդ չի տրվում մաքսատուրքեր սահմանել մագնիսի ներմուծման վրա, ինչպես նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արեց պողպատի եւ ալյումինի վրա 2018 թվականին՝ ազգային անվտանգության նմանատիպ հետաքննությունից հետո:
Ավելի կոնկրետ, Առեւտրի նախարարության զեկույցում ասվում է, որ «ներքին աղբյուրները կարող են բավարարել ԱՄՆ ընդհանուր պահանջարկի մինչեւ 51 տոկոսը» ընդամենը չորս տարվա ընթացքում: Ներկայումս ԱՄՆ-ը «գրեթե հարյուր տոկոսով կախված է ներմուծումից՝ առեւտրային եւ պաշտպանական կարիքների բավարարման համար», ասվում է զեկույցում:





























