Իրանը գեներալ Սոլեյմանիի սպանության գործով արդարադատության կհասնի, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ խոստանալով, որ Իրանն արդարություն է փնտրելու։ 

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Ռայիսին նշել է  «Իրանի ականավոր եւ առաջադեմ դերը կամայական եւ միջամտողական քաղաքականությանը, ներառյալ ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկչությանը հակազդելու գործում»: 

Նա նշել է, թե ինչպես գեներալ Սոլեյմանիի հրամանատարության շնորհիվ Իրանը կարողացավ խափանել տարածաշրջանին ուղղված դավադրությունները։  

Սպանությունը, որն իրականացվել է Թրամփի անմիջական հրահանգով, տեղի է ունեցել Բաղդադի օդանավակայանի մոտ 2020 թվականի հունվարի 3-ին։