Կանադայի կառավարությունը հավատարիմ է մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն աջակցությանը եւ ի շահ բոլորի տնտեսական զարգացմանը նպաստելուն։ Այս մասին ասված է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքներին, որպեսզի նշենք Հայաստանի անկախության տարեդարձը։

Կանադան առաջին արեւմտյան երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1992թ.։ Այդ ժամանակվանից մեր երկու երկրները պահպանում են մարդկանց միջեւ ամուր կապերի վրա հիմնված հարաբերությունները, քանի որ հայկական ծագումով ավելի քան 60 000 կանադացիներ Կանադան իրենց հայրենիքն են անվանում: Կանադան եւ Հայաստանը միասին աշխատում են՝ առաջ մղելու ընդհանուր առաջնահերթությունները ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը եւ Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպությունը:

Կանադայի կառավարությունը հավատարիմ է մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն աջակցությանը եւ ի շահ բոլորի տնտեսական զարգացմանը նպաստելուն։ Հունիսին մենք հայտարարեցինք, որ Կանադան դեսպանություն կբացի Հայաստանում՝ մշտական դեսպանով, եւ քանի որ այս տարի նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հուսով ենք՝ մեր ժողովուրդներին կապող անձնական, մշակութային եւ տնտեսական կապերը կամրապնդվեն։

Այսօր մենք գիտակցում ենք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների աճի ազդեցությունը տարածաշրջանի ժողովուրդների վրա։ Կանադան աջակցում է հրադադարին եւ խաղաղությունը պահպանելու դիվանագիտական ջանքերին։

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի երկարամյա եւ հպարտ պատմությանը, նրա հարուստ մշակույթին եւ նրա ժողովրդի մեծ ներդրմանը։ Կանադայի կառավարության անունից ես եւ Սոֆին մեր լավագույն ցանկություններն ենք հղում հայկական ժառանգությամբ կանադացիներին եւ ողջ հայ ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։