Իշխանությունը շահագրգիռ չէ շարունակել Հայ ազգային կոնգրեսի հետ սկսած բանակցությունները. երկխոսությունն այս պահին իշխանությանը չի հետաքրքրում։ Օգոստոսի 27-ին տողի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
«Երկխոսության ընթացքում մենք փոխըմբռնում էինք ակնկալում, ինչը, սակայն, իշխանությունների կողմից տեղի չունեցավ։ Այդ է պատճառը, որ ՀԱԿ-ը լրջագույն պատճառով՝ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքի առնչությամբ, առկախեց երկխոսությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկխոսությունը շարունակելու, ընդհատելու կամ առկախելու որոշման մասին սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքին առավել կոնկրետ կհայտարարի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Եթե երկխոսությունն, այնուամենայնիվ, չկայանա, մեր հետագա քայլերը կորոշվեն ըստ ժողովրդի պահանջների։ Հենց ժողովրդական ճնշումների արդյունքում իշխանությունն անցնցում կփոխվի»,- նկատեց ՍԴՀԿ ատենապետը։
Ամփոփելով՝ Լյուդմիլա Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ իշխանությունն ինքն է որոշել իր գործողություններով կասեցրել երկխոսության գործընթացը։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը:
ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նույն օրը հայտարարել էր, որ Հայ ազգային կոնգրեսը առկախում է իր մասնակցությունը ընդդիմություն-իշխանություն բանակցություններին: Իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի այդ քայլը «քաղաքական դեմարշ» էր որակել:




























