Հայաստանի իշխանություններն ու Հայ ազգային կոնգրեսը բանակցային գործընթացում դիվիդենտներ շահելու համար ջանում են օգտագործել ՀԱԿ ակտիվիստների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ այդ իրավիճակում ինչ-որ մեկը վաղ թե ուշ փորձելու էր «ծռել փայտը»։

«Դա տեղի ունեցավ ՀԱԿ-ի հետ: Իրենց դեմարշով եւ բանակցային գործընթացից դուրս գալով՝ նրանք փորձում են ազդել կոալիցիայի աշխատանքային խմբի վրա»,- ասաց քաղաքագետը։

Մյուս կողմից, երկխոսությունը, Մինասյանի կարծիքով, բխում է երկու կողմերի շահերից, ինչը բերելու է գործընթացի վերսկսման այս կամ այն ձեւաչափով։ «Կարծում եմ՝ սեպտեմբերին կողմերը որոշակի որոշման կհանգեն, որը թույլ կտա վերսկսել երկխոսությունը»,- ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Ներկայումս անազատության մեջ է գտնվում միայն Տիգրան Առաքելյանը, ում մեղադրում են օգոստոսի 9-ին հատուկ ջոկատայինի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: