ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ Բեն Սալմանը քննարկել են համագործակցության հարցը ՇՀԿ-ի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել արքայազնի անձնական միջնորդությամբ սաուդյան կողմին Դոնբասում մարտական գործողություններին անօրինական մասնակցած եւ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ռազմագերիների հանձնման առնչությամբ։

Կողմերը քննարկել են փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում՝ վերջերս Սամարղանդի գագաթաժողովում ընդունված որոշման համատեքստում, ըստ որի՝ Սաուդյան Արաբիային տրամադրվում է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Մուհամեդ Բեն Սալմանը նշել է ՇՀԿ-ի աճող դերը միջազգային ասպարեզում, պատրաստակամություն հայտնել, որ Թագավորությունն ակտիվորեն կմասնակից նրա գործունեությանը։

Դիտարկվել են ռուս-սաուդյան կոորդինացման հարցերը՝ նավթի համաշխարհային շուկայում կայունության ապահովման նպատակով։ Երկու կողմերը բարձր են գնահատել «ՕՊԵԿ+»-ի ջանքերը, հաստատվել է այսուհետ եւս ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մտադրությունը։ Մուհամեդ Բեն Սալմանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 12-14-ին Մոսկվայում կայանալիք «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում Սաուդյան Արաբիան ներկայացվելու է պատշաճ մակարդակով։

Երկկողմ օրակարգի մասին կարծիքների փոխանակման ընթացքում փաստվել է, որ բարձր տեմպերով առաջ են ընթանում առեւտրատնտեսական կապերը, ավելանում է ապրանքաշրջանառությունը, ամրապնդվում փոխադարձ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ եւ անձնական շփումները։