Եվրամիության անդամ Լեհաստանը, որը նաեւ մտնում է 25 երկրներից բաղկացած ազատ տեղաշարժման Շենգենյան զոնայի մեջ, օգոստոսի 26-ին համաներում է հայտարարել 50 հազար ապօրինի ներգաղթյալների համար, ովքեր բնակվում էին իր երկրի տարածքում: Այդ մասին հաղորդում է կանադական Calgary Herald-ը` վկայակոչելով France-Presse գործակալությանը:

«Մենք ցանկանում ենք, որ Լեհաստանը լինի բաց, հյուրընկալ եւ բարեհամբույր երկիր նրանց համար, ովքեր այստեղ կյանքի ավելի լավ պայմաններ են փնտրում»,-լրագրողներին հայտնել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին համաներման հրամանը ստորագրելուց հետո:

Հուլիսին խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքը ուժի մեջ կմտնի 2012 թ. հունվարի 1-ից, իսկ դրանից օգտվել ցանկացող ներգաղթյալները պետք է վեց ամսվա ընթացքում գրանցվեն Լեհաստանի համապատասխան պետական մարմիններում:

Համաներումը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա, ովքեր Լեհաստանում բնակվում են 2007 թ. դեկտեմբերի 20-ից, ինչպես նաեւ նրանց, ում հրաժարվել էին փախստականների կարգավիճակ տրամադրել 2010 թ. հունվարի 1-ից, բայց նրանք մնացել էին Լեհաստանում:

Ովքեր օգտվեն համաներումից, բնակության իրավունք կստանան երկու տարվա ընթացքում, այդ թվում օրինական աշխատանքով զբաղվելու իրավունք: