Հայաստանում կառավարող կոալիցիայի աշխատանքային խմբի համար բանակցությունների հերթական փուլին Հայ ազգային կոնգրեսի ատվիրակության չներկայանալն իսկական անակնկալ էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,  կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով`  այսօր երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն նման բարձր մակարդակի քաղաքական մշակույթի զարգացմամբ,  որի հիմքերը դրվել են այդպիսի դժվարությամբ:

«ՀԱԿ-ի մեր գործընկերները պետք է գան նրան, որ մեր երկրին այսօր ծայրահեղ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական մթնոլորտը, որը բացառում է  հակամարտ ճամբարների գոյությունը, ատելությունն ու թշնամանքը:  Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հատկապես` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո,  պետք է դա հասկանան  եւ փորձեն համատեղ քաղաքական հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել»,-հայտարարեց NEWS.am-ի զրուցակիցը` ընդգծելով, որ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը հենց նման մթնոլորտ ստեղծելու փորձ էր:

«ՀԱԿ պատվիրակության անդամները պետք է գիտակցեն, որ չի կարելի քաղաքական գործընթացը կապել մի միջադեպի հետ, որը գտնվում է միայն եւ միայն իրավական դաշտում: Չի կարելի երկրի համար այսքան կարեւոր գործընթացը կախվածության մեջ դնել այլ հարթությունում եղած հարցից»,- նկատեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ՀԱԿ պատվիրակությունը ինքը կգա այդ եզրահանգման եւ այդ դեպքում «բանակցություններն անպայման կվերսկսվեն»: «Եթե այդպես չլինի, ապա, ցավոք,  ստիպված կլինենք արձանագրել փաստը. կոալիցիան արեց իրենից կախված ամեն ինչ, սակայն ադեկվատ պատասխան  չստացավ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26 –ին պետք է տեղի ունենար ՀԱԿ-ի եւ իշխանությունների պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն  ՀԱԿ-ը չմասնակցեց հանդիպմանը:  Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե երկխոսությունն ընդհատվում է եւ չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում է կալանքի տակ: Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի այդ քայլը  որակեց որպես քաղաքական դեմարշ:

ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի համար, ով օգոստոսի 9-ին ոստիկանության աշխատակիցների հետ միջադեպի արդյունքում ձերբակալված  7  երիտասարդների թվում էր, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:  Մնացած երիտասարդները բաց են թողնվել` քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: