Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի ճանապարհին այսօր` օգոստոսի 27-ին, ավելի քան 15 տոննա ժավելի սպիրտ տեղափոխելիս շրջված մեքենայի իրանցի վարորդը` Մ. Ա. Փարֆաթունին, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցից տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա:
Այդ հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Մալայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիմնականում վնասվել են վարորդի աչքերը: Նրա խոսքով` 2-3 օրվա ընթացքում պարզ կլինի` վարորդը կուրացել է, թե ոչ:
Իրանցի վարորդը նաեւ այրվածքներ է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ ճանապարհին թափվածը 22 տոննա ժավելի սպիրտ էր:
«Մոտ 20 կմ նայել են եւ ակնհայտ վնասներ չեն հայտնաբերվել»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով, որ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները ցուցանմուշներ են վերցրել: Նրա խոսքով` թափված ժավելը հնարավոր չէր մաքրել, քանի որ արդեն ներս էր քաշել, այժմ տարածքը վտանգավոր չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի ճանապարհին օգոստոսի 26-ի առավոտյան 10:50-ի սահմաններում շրջվել է 15 տոննայից ավել ժավելի սպիրտ տեղափոխող Iveko մակնիշի 40 A 42910 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարը ժավելի սպիրտը պատվերով պետք է տեղափոխեր Թավրիզից Վանաձոր:




























