Սիրիայի իշխանությունները Դամասկոսում  ավելացրել են  պարեկային ծառայության զինվորների թիվը եւ օդային տեխնիկան` թույլ չտալու համար հակակառավարական ցույցերի մասնակիցներին ներխուժել քաղաքի կենտրոն, հաղորդում է Los Angeles Times-ը:

Վերհսկողության ուժեղացման հրամանը հաջորդել է պաշտոնական Թեհրանի կողմից առաջին անգամ արված այն հայտարարությանը, թե նախագահ Բաշար ալ Ասադը պետք է զիջի սիրիական ժողովրդի օրինական պահանջին:Երկրի առեւտրային կենտրոնները` Դամասկոսն ու Հալեպը, որտեղ կենտրոնացած է  ունեւոր բնակչության զգալի մասը, աջակցում են Ասադին, եւ բողոքի ակցիաներն այս քաղաքներում կարող են նշանակել, որ նախագահը կորցնում է վստահությունը  իր հիմնական հենարանը հանդիսացող կենտրոններում, գրում է LA Times-ը:

Միաժամանակ` մայրաքաղաքի հարավային թաղամասերից մեկում շաբաթ օրը ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Ասադի:Շաբաթ օրը  իշխանություններն ուժ են կիրառել նավահանգստային Լաթաքիա եւ Կուսաիր քաղաքներում, ինչպես նաեւ Դամասկոսի մզկիթներից մեկում:Ընդդիմության ակտիվիստները հայտարարել են, որ շաբաթօրյա բախումների ժամանակ զոհվել է երեք մարդ: ՄԱԿ-ի տվյալներով` քաղաքացիական հուզումների պահից` մարտից սկսած Սիրիայում ընդհանուր զոհերի թիվը հասնում է  2,2 հազար մարդու: