Իրանում ներման է արժանացել հայտնի բժիշկ Արաշ Ալաեին, ում մեղադրել էին պետական հեղաշրժում կազմակերպելու մեջ: Ալաեին բանտում է անցկացրել 1160 օր: Արաշին եւ նրա եղբայր Քամիարին, ով աշխատում է ՁԻԱՀ-ի տարածման վերահսկմամբ զբաղվող կազմակերպությունում, ձերբակալել էին 2008 թվականին:
Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ բժիշկները առնչություն ունեն դավադրությանը, որը կազմակերպել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը, հաղորդում է CNN-ը:
Արաշի եղբայր Քամիարը նույնպես ներման է արժանացել 2011 թվականին, սակայն մի փոքր ավելի վաղ: «Մեր ողջ աշխատանքը եղել է առողջապահության եւ գիտության ոլորտում, մենք երբեք չենք զբաղվել քաղաքականությամբ եւ ներգրավված չենք եղել դրանում: Երբ մեզ ձերբակալեցին, ես ցնցված էի: Ես վստահ էի, որ դա ինչ-որ սխալմունք է եւ ոստիկանները պարզապես շփոթել են դուռը»,- CNN-ին հայտարարել է Քամիարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քամիար եւ Արաշ Ալաեի եղբայրները Առողջապահության գործերով համաշխարհային խորհրդի որոշմամբ արժանացել են շքանշանի` ՄԻԱՎ-վարակակիրների հետ բազմամյա աշխատանքի համար: Եղբայրները դատապարտվել էին 2008թ. հակապետական գործունեության մեղադրանքով: 37-ամյա Քամիար Ալաեին ավելի ուշ ազատ էր արձակվել եւ երեկ մասնակցել է Վաշինգթոնում կայացած մրցանակաբաշխությանը, իսկ նրա եղբայրը դեռ գտնվում է իրանական բանտում:




























