Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, այն տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Միջոցառմանը կներակայացվեն ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդեն կայացած, այլեւ տասնյակ նորաստեղծ ընկերությունների կողմից, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս եւ այլ ընկերություններ:

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսի ընթացքում այս տարի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինը կներկայացվի ավելի քան 30 հայկական եւ մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների կողմից, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով եւ լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից եւ ավտոմատացումից մինչեւ ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: 

Այս տարի ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ կանցկացվի նաեւ ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին ընկերությունները հենց տեղում կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը:

Նշենք, որ ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը անցկացվում է 2005թ.-ից: