Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ընդհանուր աճ կա, պայմանավորված գնաճի դեմ պայքարով, սակայն դա չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա:
Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պետական բյուջեի 7 ամսվա կատարողականում: Ըստ այդ հաղորդագրության` միջին եւ երկարաժամկետ առումներով պետական պարտատոմսերը շարունակվում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն եւ հուսալի միջոց:
Նշենք, որ 2011 թ. 7 ամսում ներքին պետական պարտքի սպասարկման նպատակով ծախսվել է 11.7 մլրդ դրամ (մոտ 32 մլն դոլար), այնինչ արտաքին պետական պարտքի սպասարկմանն է ուղղվել 7.6 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար):
2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 10.5 մլրդ դրամ պակասուրդով (մոտ 28 մլն դոլար)` կազմելով ինն ամիսների համար նախատեսվածի ընդամենը 14.6%-ը:
Նշենք, որ նման ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.3 մլրդ դրամ (մոտ 157 մլն դոլար) օգտագործելու փոխարեն հունվար-հուլիս ժամանակահատվածում դրանք ավելացել են 1.1 մլրդ դրամով: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 5.7 մլրդ դրամ (15.4 մլն դոլար), արտաքին ֆինանսավորումը` 4.8 մլրդ դրամ (13 մլն դոլար):




























