Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 9-11-ին կկայանա «Armenia EXPO 2011» տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Այն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին եւ արտացոլում է մեր երկրի այս տարիների ընթացքում ձերք բերած տնտեսական նվաճումները:
Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են եւ լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, «ARMENIA EXPO»-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:
Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր եւ կոմպոնենտներ, ինչպես նաեւ նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում:
«Armenia EXPO 2011»-ին կմասնակցեն ավելի քան 180 տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ` 14 պետություններից, ընկերություններ եւ միություններ:
Մասնակից երկրներն են Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Արաբական Էմիրությունները, Գերմանիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Լեհաստանը, Իտալիան:
«Armenia EXPO 2011» ցուցահանդեսի պաշտոնական տեղեկագիրքը կհրատարակվի անգլերենով ու ռուսերենով եւ կբաշխվի աշխարհի ավելի քան 50 երկրներում:



























