Գարեգին Բ-ն օգոստոսի 28-ին ընդունել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգեւոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբին եւ ներկայացրել վերջին տարիներին Հայ Եկեղեցու կյանքից ներս արձանագրված  ձեռքբերումները:

Խմբի կազմում էին ուխտավորներ Ավստրիայի տարբեր համայնքներից, ինչպես նաեւ Ինսբրուկ քաղաքի «Տիրոլեր Սոննթագ» եկեղեցական օրաթերթի ընթերցողների խումբը:

Հանուն ուխտավորների Մանֆրեդ եպիսկոպոսն երախտագիտություն է հայտնել Գարեգին Բ-ին հայության հոգեւոր կենտրոն այցելության եւ ջերմ ընդունելության համար` ուրախություն հայտնելով հայկական հարուստ քրիստոնեական մշակույթին եւ պատմությանը ծանոթանալու հնարավորության համար:

Գարեգին Բ-ն անդրադարձել է Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: «Մեր հավատքի զորության շնորհիվ պատմության ընթացքում կարողացել ենք բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել: Մենք ցեղասպանությունը վերապրեցինք, որովհետեւ Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ: Ցեղասպանությունից հետո էլ, երբ հաստատվեց անաստվածության գաղափարախոսությունը, շնորհիվ մեր հավատքի, մեր սրբազան հայրերի հանդեպ ունեցած նվիրումի, նաեւ այդ շրջանը կարողացանք հաղթահարել ու ապրել», - իր խոսքում նշել է Վեհափառ հայրապետը`  անդրադառնալով նաեւ ներկայիս հոգեւոր վերազարթոնքին եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին: