Վարձկանները Քադաֆիի կողմն անցել են տարբեր պատճառներով, իտալական La Stampa-ի թղթակցին պատմել է Քադաֆիի զինվորների համար նախատեսված բանտերի վերակացու, 31-ամյա ատամնաբույժ Մոհամեդը։ Մանկապարտեզից բանտի վերածված շենքը գտնվում է Լիբիայի Տաժուրա քաղաքում։ Դրանում 375 մարդ է բանտարկված։
Նրանցից ոմանք հայտարարում են, որ ոչինչ չեն արել, սակայն ոչ ոք նրանց չի հավատում։ Մոհամեդը նշում է պատճառը. նրանք բանտապետի ներկայությամբ պարզապես վախենում են խոսել իրենց անցյալի մասին։ Վերակացուները, սակայն, նրանց մասին ամեն բան գիտեն։ «Որոշներին գնել են փողով, որոշներին՝ նոր մեքենայով։ Նրանք բոլորը երազել են հասնել նույն բանին, ինչ որ մի սերբ վարձկան, ով ծանոթների շրջապատում չի թաքցրել իր դժգոհությունները։ Տրիպոլիում դիպուկահար աշխատելու համար նա ամսական 10 հազար եվրո է ստանում։ Վստահ եմ, որ այս բանտախցում եւս այդպիսինները կան, սակայն նրանք այդ մասին երբեք չեն պատմում»,- ասել է Մոհամեդը։
Բանտի ղեկավարը Քադաֆիի բանակի նախկին գնդապետ Ադեն Մարվանն է, ով նրան առաջիններից մեկն է լքել՝ այսպիսով վաստակելով նոր իշխանության վստահությունը։ Այցելուներին նա ընդունում է մանկապարտեզի տնօրենուհու աշխատասենյակում՝ զարդարված արհեստական վարդերով եւ պատին խփված Միկի Մաուսի նկարով։ «Ես բանտի ղեկավարման գծով մասնագետ չեմ եւ կարող եմ սխալ թույլ տալ։ Սակայն այն, որ մենք հետեւում ենք Ժնեւյան կոնվենցիային, կարող եմ հաստատ ասել»,- ասել է նախկին գնդապետը։



























