GTUG Հայաստան (Google technology User Group Armenia) խմբի նախաձեռնությամբ Երեւանը օգոստոսի 27-ին և 28-ին մասնակցեց ԱՊՀ երկրների GTUG խմբերի համընդհանուր երկօրյա Chrome հաքաթոնին: Ընդհանուր առմամբ հաքաթոնին մասնակցում էին թվով ութ քաղաքներ` Երեւան, Կիեւ, Եկատերենբուրգ, Օմսկ, Ուֆա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա եւ Վորոնեժ:
«Հաքաթոն»-ը տեխնիկական տերմին է, ծագում է մարաթոն եւ անգլերեն hacking բառերից։ Hacking բառն օգտագործվում է տեխնիկական իմաստով՝ լավ տիրապետել եւ բարելավել։ Հաքաթոն մի քանի քաղաքների միջեւ առաջին անգամ է կազմակերպվում: Սա նաեւ առաջին հաքաթոնն էր, որին մասնակցեց նաեւ Երեւանը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց GTUG Հայաստան խմբի համակարգողներից Վարդան Գրիգորյանը: Նրա խոսքով` հաքաթոնի նպատակն էր Chrome բրաուզերի համար ստեղծել հավելումներ, որոնք կարող են օգտակար լինել բրաուզերի սովորական օգտագործողների համար:
«Երկօրյա հաքաթոնի ընթացքում ստեղծվել են 50-ից ավելի հավելումներ:Հայաստանում հակաթոնին մասնակցեցին 7հոգի եւ ստեղծեցին Chrome բրաուզերի 2 հավելում»,-ասաց Վ. Գրիգորյանը։ Նրա խոսքով` հավելումներից առաջինի շնորհիվ հնարավոր կլինի նշել ցանկացած էջ հետագայում դրանք ընթերցելու համար, քանի որ հավելումը պարբերաբար կհիշեցնի ձեզ, որ կարդալու նյութ ունեք: Երկրորդ հավելումը հնարավորություն կտա հենց Chrome բրաուզերի վրա նշել ցանկացած տեքստ կամ բառ եւ տեսնել դրա թարգմանությունը` Google Translate-ի կամ Lingvo-ի օգնությամբ, դեռեւս միայն անգլերենից ռուսերեն եւ հակառակ թարգմանությամբ:
Վ. Գրիգորյանի խոսքով` վերոնշյալ երկու հավելումները մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի կբերվեն, իսկ արդեն հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Google-ի աշխատակիցներից բաղկացած ժյուրին կընտրի եւ կհայտարարի լավագույն նախագծի հաղթողներին, իսկ մրցանակները Մոսկվայում կհանձնեն հոկտեմբերի 10-ին անցկացվող Google Developer Day 2011 միջոցառման ժամանակ։



























