Կառավարությունն աշխատանքներ է տանում երիտասարդների համար կենցաղային ապրանքները, այդ թվում` ավտոմեքենայի ձեռքբերումը հեշտացնելու համար: Այդ մասին այսօր` օգոստոսի 29-ին Ծաղկաձորում երիտասարդների հետ հանդիպման ժամանկ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Կենտրոնական բանկի կողմից, որն էլ շուտով կներկայացնի հայեցակարգը:
«Ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է գիտակցի, որ եթե նա ունի աշխատանք, եթե նա կարողանում է իր ինտելեկտուալ կարողություններն իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ապա նա չպետք է ունենա կենցաղային խնդիրներ: Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերում է բնակարանին, ավտոմեքենային, բնակարանը կահավորելուն, պատշաճ ձեւով վերանորոգելուն եւ այլն»,- ասել է Տ. Սարգսյանը, հիշեցնելով, որ պետությունն արդեն իսկ սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորումը:



























