Մաքսազերծման մասով մենք ունենք լուրջ խնդիրներ, եւ դա վերաբերում է ոչ միայն ավտոմեքենաներին, այլեւ բազմաթիվ ապրանքատեսակների: Այդ մասին այսօր` օգոստոսի 29-ին Ծաղկաձորում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով երիտասարդներից մեկի այն դիտողությանը, թե ավտոմքենաների մաքսազերծումը ոչ թափանցիկ է եւ անհստակ:

Ըստ Տ. Սարգսյանի` կներդրվի մաքսազերծման որակապես նոր համակարգ, հիմնված ռիսկերի կառավարման վրա: Դա իր հերթին հնարավորություն կտա առավելագույն պարզեցնել մաքսազերծման գործընթացը: «Հասկանալի է, որ կոպիտ մեթոդները, որ մենք այսօր կիրառում ենք, առաջին հերթին հարվածում են նրանց, ովքեր ազնիվ, արդար ձեւով իրականացնում են մաքսազերծումը, եւ դրա պատճառը կայանում է նրանում, որ, ցավոք սրտի, դեռեւս բավական մեծ է անօրինականության եւ ռիսկերի տեսակարար կշիռը»,- ասել է Տ. Սարգսյանը:

Նրա խոսքով` 3 տարում մաքսազերծման բոլոր գործընթացները պետք է համապատասխանեցվեն եվրոպական լավագույն չափանիշներին, ինչը բխում է Եվրամիության հետ կնքված Ազատ առեւտրի համակարգին անդամակցելու ծրագրից: