Վերջին շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում (օգոստոսի 27, 28) Տաթեւի ճոպանուղու ոչ ամբողջական գրաֆիկով աշխատանքը պայմանավորված է եղել եղանակային փոփոխություններով: «ՏաԹեւեր» ճոպանուղին իր ներողամտությունն է հայցում այցելուներին հարուցված անհարմարության համար:
«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ճոպանուղին ուղեւորափոխադրումներ չի իրականացնելու, ինչը պայմանավորված է գարնանային-ամառային ռեժիմից աշնանայինին անցման հանգամանքով:
Նշված ժամանակահատվածում ճոպանուղու կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային պայմանների փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն եւ այլն) իրականացվելու են համակարգի կարգաբերման աշխատանքներ:
Նշենք, որ «ՏաԹեւեր» ճոպանուղին 2011թ. հունվարի 1-ից առայսօր սպասարկել է ավելի քան 51000 ուղեւորի, որոնցից ավելի քան 3000-ը հանդիսացել են հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց եւ Տանձատափ համայնքների բնակիչներ, ովքեր ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար:




























