Առաջիկայում հայ-չինական տոնավաճառ է անցկացվելու Չինաստանի Ուռումչի քաղաքում, որին ակնկալվում է նաեւ հայ ձեռներեցների մասնակցությունը:
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են փոխվարչապետի Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներին: Երկուստեք այցը համարվեց արդյունավետ` երկկողմ հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից:
Փոխվարչապետը դեսպանին տեղեկացրել է այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` նշելով, որ հանդիպումներում հիմնականում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, եւ երկուստեք դրանք զարգացնելու պատրաստակամություն է հայտնվել: Մասնավորապես կարեւորվել է երկու երկրների գործարար շրջանակները միավորող կազմակերպությունների միջեւ կապերի հաստատման խրախուսումը, գործարարների միջեւ ուղիղ շփումները, որոնց նպաստելու են գործարար համաժողովները, ցուցահանդեսներն ու տոնավաճառները:
Հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվել հայկական վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը Չինաստան արտահանելու հարցերին:
Ա. Գեւորգյանը նշել է, որ այցի արդյունքներով հրավիրված խորհրդակցությանը հանձնարարականներ կլինեն ոլորտային գերատեսչություններին` ուղղված ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Հայաստան է հրավիրել ՉԺՀ պետխորհրդի առաջին փոխվարչապետին, ՉԺՀ առեւտրի նախարարին, միջազգային առեւտրի աջակցության հանձնաժողովի նախագահին` տեղում համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին եւ իր ներդրումն ունենալ փոխգործակցության խթանման գործում:



























