Սանկտ-Պետերբուրգում ոստիկաններն այսօր` օգոստոսի 30-ին բռնել են նախկին հատուկջոկատային, 27-ամյա Անդրեյ Մալյուգինին, ով կապ է ունեցել «Բորովիկով-Վոեվոդին» նեոնացիստական ավազակախմբի հետ։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրան բռնելու գործողությունը տեղի է ունեցել վերջինիս ընկերոջ տան մերձակայքում, ուր իր համախոհի մոտ թաքնվում էր Մալյուգինը, հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն։
Հատուկ գործողության մասնակիցներից մեկի խոսքով, դեպի օդ նախազգուշական կրակոցից հետո Մալյուգինը չի արձագանքել, ինչից հետո իրավապահներից մեկը նրա ուղղությամբ կրակ է բացել։ Արդյունքում կասկածյալը հետույքին վնասվածք է ստացել։
Մալյուգինը ներկայումս հիվանդանոցում է, նրան վիրահատել են։ Բժիշկների գնահատականով, նրա հետ կատարվածը չի խանգարի վերջինիս մեկուսարանում պահելուն։



























