Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի համատեքստում։ Այս մասին հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների տարածքային ամբողջականության ներքո առաջին հերթին հասկանում են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Այսինքն՝ այն սահմանները, որոնց համաձայն Հայաստանը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ։ «Այսօր պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտություն կա»,- նշեց Գրիգորյանը։
Հարցին, թե Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհը, որի վրա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել, ընդգրկվա՞ծ է այս սահմաններում, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց։ «Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածը, որտեղ տեղադրվել են ադրբեջանական մաքսակետեր, չի մտնում այդ սահմանների մեջ։ Սակայն դա նաեւ չի մտնում այն սահմանների շրջանակների մեջ, որոնք նկարագրված են եղել 2010 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում»,- ասաց պատգամավորը։





























