Բանակցային գործընթաց է այն բանի շուրջ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իշխանությունները համաձայնել են սրան եւ բազմիցս խոսել են այդ մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ընդհանուր առմամբ, եթե բառացիորեն մոտենանք, ապա Հայաստանի Հանրապետությունը անկախության ձեռքբերման պահից տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին։ Ղարաբաղի եւ Ղարաբաղի շուրջ խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման խնդիրն է։ Այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն, նրանք ԼՂՀ քաղաքացիներ են։ Իշխանությունները, ձեւականորեն մոտենալով այս հարցին, այդպես են ասում։ Տարածքային ամբողջականության ճանաչումը խնդիր չէ։
Բայց այնտեղ շատ խնդիրներ կան։ Օրինակ, ո՞ր սահմաններով: Սահմանազատումը առանձին խնդիր է եւ լուրջ խնդիր։ Երկրները կարող են դա անել տասնամյակներ շարունակ՝ հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում քիչ են սահմանազատված սահմանները։ Այսպիսով, որտեղով է անցնելու սահմանը: Տարածքային ամբողջականությությունը ճանաչել ո՞ր տարածքում։ Այն, ինչ ասում է Փաշինյանը 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, դա աբստրակցիա է։
Դրա համար պետք է երկար բանակցային գործընթաց։ Ինձ թվում է, որ Ադրբեջանը փորձում է սահմաններ հաստատել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջը, այլ կրակոցներով, հարձակմամբ, ինչ-որ ռազմական բնույթի գործողություններով եւ այլն։ Այնպես անել, որ այս գործընթացը վերածվի բանակցային գործընթացի, իհարկե, լավ բան է, բայց ոչ շատ հեշտ: Հենց այս բանակցությունների ժամանակ կրակոցները շարունակվեցին, դրանք չդադարեցին։ Եվ դա է Ադրբեջանի ռազմավարությունը, որը դիվանագիտական եւ միաժամանակ ռազմական ճնշում է գործադրում։ Բանն այն չէ, թե ինչ է գրված, այլ այն, թե ինչ է տեղի ունենում «գետնի վրա» քաղաքական իրականության մեջ։ Իսկ քաղաքական իրականության մեջ Ադրբեջանը վերահսկում է ինչ-որ տարածքներ եւ վերահսկում է բոլորովին վերջերս՝ արդեն պատերազմից հետո մտնելով այդ տարածքներ։ Այս հարցերը լուծելու համար երկուստեք կամք է պետք։ Ադրբեջանական կողմից ես ճնշում գործադրելու, ոչ թե լուծելու կամք եմ տեսնում»,- ընդգծեց փորձագետը։











