Հայաստանն այս պահին չունի արցախցիներին պաշտպանելու ռեսուրսներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի սուբյեկտայնությունը սկզբունքորեն նվազել է, եւ դրանից բխում է, որ այդ սուբյեկտայնությունը պետք է մեծացնել։

«Մի բան է, երբ դա փորձագետն է ասում, բայց երբ քաղաքական գործիչն է ասում, լավ կլիներ առաջարկություն լիներ, թե ինչպես ունենալ այդ ռեսուրսները, ինչ պետք է անել, որ դրանք հայտնվեն։ Ի՞նչ է արվել պատերազմից հետո 2 տարում։ Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, որ այդ ռեսուրսները հայտնվեն։ Ի՞նչ կարելի է անել հիմա, եթե դա չի արվել»,- հավելեց փորձագետը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցությունից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վերջերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանն այլեւս Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորություն չունի։