Իրանում հայրենական արտադրության առաջին ինքնաթիռը շահագործման կհանձնվի առաջիկա 3 տարում։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (CAOI) ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը, հայտնում է Mehr-ը։

«Ես կանխատեսում եմ, որ իրանական առաջին մարդատար ինքնաթիռը կհամալրի ուղեւորային նավատորմը առաջիկա 36 ամիսների ընթացքում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ կառավարությունը ճանապարհային, արդյունաբերության եւ պաշտպանության նախարարություններին հանձնարարել է համատեղ աշխատել եւ ստեղծել եռակողմ կոնսորցիում՝ իրանական ինքնաթիռների մշակման եւ արտադրության համար։

Նա ասել է, որ նախագծի համար հատկացվել է անհրաժեշտ բյուջե՝ հավելելով, որ արտադրության պատասխանատուն լինելու է պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնյան նաեւ ասել է, որ Իրանին անհրաժեշտ են «550 ինքնաթիռներ, որոնք պետք է հասանելի լինեն կա՛մ ներքին արտադրության, կա՛մ նոր ինքնաթիռների ներմուծման, կա՛մ օգտագործված ինքնաթիռների գնման միջոցով»: