ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն։ Այս մասին հայտնում է Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ եւ հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար:

Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: