Հայաստանի ոստիկանությունը 2009 թ. արտադրության «Տոյոտա-Կորոլա» մակնիշի մեքենա կնվիրի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի առաջարկով այդ հարցը ներառվել է կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի օրակարգ:

Նվիրաբերությունն իրականացվում է թանգարանի գործունեությանն աջակցելու նպատակով:

NEWS.am-ը մեքենայի նվիրաբերման հետ կապված պարզաբանումներ խնդրեց նաեւ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից: Նրա խոսքով` իր ծառայողական մեքենան 1988 թ. արտադրության «Վոլգա ԳԱԶ 24» է, որը 2 անգամ վթարի է ենթարկվել, բարոյապես ու ֆիզիկապես մաշված է: Սակայն, որպես տնօրեն, պրն Դեմոյանը հրաժարվել է թանգարանի համար նախատեսված գումարներն օգտագործել իր «կոմֆորտի համար», թեեւ արտասահմանցի հյուրերը հաճախ զարմանում էին, թե ինչպես կարելի է նման հին մեքենա ունենալ:

Հայկ Դեմոյանը հավաստիացրեց, որ հին մեքենան դուրս չի գրվելու, հիմնականում օգտագործվելու է բեռնատար նպատակներով, քանի որ թանգարանի շենքը քաղաքից դուրս է: