Պեկինի աճող հզորությունը «ազգային անվտանգության հարց է, որը կորոշի մեր ապագան»: Այս մասին հայտարարել է բրիտանական կիբերհետախուզական գործակալության (GCHQ) ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը։

Նա մեղադրել է Չինաստանին «միջազգային անվտանգության կանոնները վերաշարադրելու» փորձի համար՝ ասելով, որ Պեկինը օգտագործում է «իր տնտեսական եւ տեխնոլոգիական ազդեցությունը ներսում ճնշումների եւ դրսում վերահսկման համար»։ Նրա խոսքով՝ Պեկինի իշխանությունները ցանկանում են «ռազմավարական առավելություն ձեռք բերել՝ ձեւավորելով համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգ»։ «Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիաներին, չինական պետության քաղաքական դրդապատճառներով գործողությունները գնալով դառնում են ավելի արդիական խնդիր, որը մենք պետք է ճանաչենք եւ լուծենք»,- ասել է Ֆլեմինգը: «Սա փոխում է ազգային անվտանգության սահմանումը շատ ավելի լայն հասկացության: Տեխնոլոգիան դարձել է ոչ միայն հնարավորությունների, մրցակցության եւ համագործակցության տարածք, այլ նաեւ վերահսկողության, արժեքի եւ ազդեցության մարտադաշտ»:

Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին ավելի ու ավելի սառն են դառնում, քանի որ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները Պեկինին մեղադրում են «տնտեսական հնարքների եւ մարդու իրավունքների խախտումների մեջ»: Բրիտանական հատուկ ծառայությունները գնալով բացասական գնահատականներ են տալիս Պեկինի ազդեցությանն ու մտադրություններին։ Անցյալ տարի MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը Չինաստանը նկարագրել է որպես Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների համար ամենամեծ սպառնալիքներից մեկը, հայտնում է AP-ը։

Ֆլեմինգը նախազգուշացրել է, որ Չինաստանը ձգտում է մասնատել ինտերնետի ենթակառուցվածքը՝ վերահսկողությունը մեծացնելու համար։ Նա նաեւ պնդում է, որ Չինաստանը ձգտում է օգտագործել թվային արժույթները, որոնք օգտագործվում են կենտրոնական բանկերի կողմից, որպեսզի հետեւի օգտատերերի գործարքներին եւ, որպես միջոց, խուսափի ապագա միջազգային պատժամիջոցներից, ինչպիսին են կիրառվում են Ռուսաստանի դեմ:

Ֆլեմինգը պնդել է, որ չինական BeiDou արբանյակային համակարգը, որը լայնորեն օգտագործվող GPS նավիգացիոն տեխնոլոգիայի այլընտրանքն է, կարող է պարունակել «հզոր հակաարբանյակային հնարավորություն՝ հակամարտությունների դեպքում այլ երկրներին տիեզերք մուտք գործելու արգելքի դոկտրինով»:

Աշխարհի ժողովրդավարական երկրները, նրա խոսքերով, չեն կարող իրենց թույլ տալ հետ մնալ այնպիսի առաջադեմ ոլորտներում, ինչպիսիք են քվանտային հաշվարկները, եւ նախազգուշացրել է կիսահաղորդիչների՝ ամենօրյա էլեկտրոնիկայի մեջ օգտագործվող կրիտիկական միկրոչիպերի հնարավոր թուլության մասին:

«Թայվանի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ռիսկ են մատակարարման այս կարեւոր շղթայի համար, կարող են ուղղակիորեն ազդել Մեծ Բրիտանիայի կայունության եւ գլոբալ ապագա աճի վրա»,- ասել է Ֆլեմինգը: