Նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի եւ Լիբանանի առաջնորդներին այն բանի համար, ինչ Միացյալ Նահանգները համարում է «պատմական բեկում» երկու երկրների ծովային սահմանին, հայտնում է Reuters-ը։
«Միացյալ Նահանգների մի քանի ամսվա միջնորդությունից հետո Իսրայելի եւ Լիբանանի կառավարությունները պայմանավորվել են պաշտոնապես դադարեցնել իրենց ծովային սահմանի վեճը եւ ստեղծել մշտական ծովային սահման»,- ասվում է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ զրույցից հետո Բայդենի հայտարարության մեջ։
Ճեպազրույցում Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ համաձայնագիրը Լիբանանին օտարերկրյա ուղղակի ներդրումների նոր ներուժ կապահովի, հատկապես էներգետիկ ոլորտում: Իսրայելը փոխհատուցում կստանա միջերկրածովյան սահմանի իր կողմից հայտնաբերված ածխաջրածինների ցանկացած մասնաբաժնի համար, ասել է պաշտոնյան:
Բացի այդ, Իսրայելը կպահպանի «անվտանգության իր մեխանիզմներն ու ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են իր առափնյա գծի պաշտպանությունն ապահովելու համար», ասել է պաշտոնյան։
Նա նշել է, որ գործարքի շուրջ պայմանավորվելը հեշտ չի եղել, եւ առաջիկայում դժվար պահեր կարող են լինել։ ԱՄՆ-ը կշարունակի միջնորդական դեր խաղալ, ըստ անհրաժեշտության։ «Սա ուղղակի երկկողմ համաձայնագիր չէ։ Այն կնքվում է Միացյալ Նահանգների միջոցով, բայց դա սահմանագծում է, որը թույլ կտա երկու երկրներին առանց բախումների հետապնդել իրենց տնտեսական շահերը: Դա է նպատակը»,- ասել է պաշտոնյան։





























