Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանրահավաք չի անցկացվել, քաղաքացիները սպասում են Արցախի եւ Հայաստանի իշխանությունների այսօր նախատեսվող հանդիպման արդյունքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հավաքի մասնակիցներից Մարատ Ստեփանյանը:

«Արցախի իշխանությունները 2 օր առաջ ինֆորմացիա տարածեցին, որ իբր Երեւանում են, հետո պարզ դարձավ, որ խաբուսիկ էր այդ լուրերը, դրանով փաստորեն խուսափեցին դեմ առ դեմ դուրս գալ եւ պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին»,-ասաց նա:

Մարատ Ստեփանյանը նշեց, որ որեւէ դրական ակնկալիք չունեն հանդիպումից, սակայն այդ հայտարարությունը հիմք կդառնա հետագա ռազմավարությունը մշակելու, հետագա քայլերը որոշելու համար:

«Քանի որ մինչեւ այսօր որեւէ վստահություն չեն ներշնչել եւ տեղի, եւ Հայաստանի իշխանությունները, միանշանակ չենք պատկերացնում, որ հրաշք տեղի ունենա եւ հայանպաստ ինչ-որ բան լինի, մենք կշարունակենք բողոքի ակցիաները, էլի պահանջելու ենք հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Ես արդեն պատկերացնում եմ, որ լղոզված հայտարարություն է լինելու, որ ժողովրդին հանգստացնեն, բայց մենք ժամանակ չունենք, իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք էլ տեղեկությունները թշնամի պետության ղեկավարի շուրթերից ենք լսում»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է`Արցախում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անցկացվում, քաղաքացիները հավաքվում են Վերածննդի հրապարակում եւ պահանջում, որ իշխանության ներկայացուցիչները` մասնավորապես երկրի նախագահը, հանդիպի իրենց եւ բացատրի, թե ինչ են նշանակում վերջին հայտարարությունները եւ ինչ է սպասվում Արցախին: