ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության, ամերիկյան զորքեր չի ուղարկի Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ «ոչ ոք չի ուզում, որ այս պատերազմը վերաճի միջուկային փուլի»։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը նշաններ չի տեսնում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է միջուկային զենք կիրառել։ «Մենք որեւէ նշան չենք տեսել, որ պարոն Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման զենք կիրառել»,- ասել է նա լրագրողներին։ «Եվ մենք որեւէ նշան չենք տեսել, որ ռուսական վարչակազմը որեւէ բան է անում նման որոշմանը նախապատրաստվելու համար»։
Քիրբին ասել է, որ իր տեղեկատվությունը հիմնված է ԱՄՆ-ի կողմից «Պուտինի հնարավորություններին հետեւելու վրա, ինչը նրանք անում են հակամարտության սկզբից»: Բացի այդ, ԱՄՆ-ը չի տեսել մի բան, որը կստիպի փոխել ռազմավարական զսպման իր դիրքորոշումը՝ իրեն կամ իր դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու համար, ասել է նա։





























