Ստվրոպոլի երկրամասի Կուրսի շրջանի Էդեսիա գյուղը նշել է իր հիմնադրման 214-ամյակը:

214 տարի առաջ Կուր գետի ափին գյուղ են հինադրել պատմական Հայաստանի Շիրվանի մարզից տեղափոխված հայերը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը` վկայակոչելով Budennovsk.org գործակալությանը:

Հայերի տեղափոխումը տեղի է ունեցել կայսր Պավել 1-ինի հրամանագրով: «Հաշվի առնելով հայերի խնդրանքը, հանձնարարում եմ, որ նրանք, ովքեր կցանկանան վերաբնակվել, ստեղծել այդպիսի բնակավայրեր եւ նրանց այդ վայր ժամանելուն պես այնտեղ կյանքի պայմաններ ստեղծել, տալ հող` օգտագործման համար»:

Էդեսիայի հայ բնակիչները պահպանել են իրենց կենցաղը, ազգային դիմագիծը եւ հավատը: Չի հաջողվել պահպանել միայն նախնիների լեզուն:

Էդեսիա գյուղում պահպանվել է 1830-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երկար ժամանակ ավերված եկեղեցին վերանորոգվել է: Գյուղի օրվա կապակցությամբ, ավանդաբար գյուղում տեղի է ունեցել համերգ եւ ժողովրդական տոնախմբություն: