Ռուսաստանը մտադիր է Հայաստանին եւ Ադրբեջանին հրավիրել եւս մեկ եռակողմ գագաթաժողով անցկացնելու։ Այս մասին հայտարարել է   ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ-ն։

Հոկտեմբերի 13-14-ը Պուտինը կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաեւ ԱՊՀ գագաթաժողովին։ Սպասվում է, որ նախագահը մի շարք հանդիպումներ կունենա։ Ուշակովի խոսքով՝ Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Մենք կառաջարկենք հաջորդ գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, եւ հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ»,-ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Մոսկվան կարծում է, որ «կայուն խաղաղության հասնելու եւ տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»: