ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է պաշտպանության համար», թեեւ դեռեւս պետք է սպասել, տեսնելու թե ինչպիսին կլինի այդ աջակցությունը ռազմական առումով, գրում է Newsweek-ը։
Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ օգնության փաթեթը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նախկինում ԱՄՆ-ը մատակարարել է Բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS) եւ Stingers տիպի ՀՕՊ համակարգեր, ու նախատեսում է Ազգային առաջադեմ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր (NASAMS) ուղարկել:
Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի անդամ Գաբրիելա Իվելիզ Ռոզա Էրնանդեսը Newsweek-ին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը վարում է քաղաքականություն, որը հիմնված է Ուկրաինային՝ «շարունակական պայքարին համապատասխան» զենք տրամադրելու վրա: «Տեսականորեն, Ուկրաինան կարող է օգտագործել շատ ավելի առաջադեմ համակարգեր, ինչպիսիք են Patriot կամ Iron Dome հրթիռները, քանի որ ուկրաինացիներն արդեն գիտեն, թե ինչպես օգտագործել եւ պահպանել դրանք»:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային փոքր եւ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի հարցում՝ առանց մանրամասնություններ հաղորդելու։
Օգոստոսին Բայդենը հայտարարել էր 8 նոր NASAMS տիպի ՀՕՊ համակարգեր տրամադրելու մասին, որոնք դեռեւս չեն առաքվել. ութից երկուսը պետք է առաքվեն մինչեւ նոյեմբեր:
«Զենքի վաճառքի գործընթացում վաճառքի մեծ մասը սովորաբար տարիներ է տեւում, երբեմն՝ հինգ կամ ավելի: Ուկրաինային զենքի այդքան արագ մատակարարման պատճառն այն է, որ դրանց մեծ մասը դուրս է բերվել գոյություն ունեցող պաշտպանական պաշարներից: Ակնկալվում է, որ ութ համակարգերից միայն երկուսը կմատակարարվեն: Մնացած վեցի համար տարիներ կպահանջվեն», - ասել է վերլուծաբան Ջորդան Քոհենը:
Ներկայումս NASAMSի տիպի համակարգ ունի 12 երկիր՝ Միացյալ Նահանգները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Օմանը, Լիտվան, Ինդոնեզիան, Ավստրալիան, Քաթարը, Հունգարիան եւ մեկ երկիր, որի անունը հայտնի չէ:





























