Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայացրել է ազգային անվտանգության իր նոր ռազմավարությունը, որում Չինաստանն անվանում է «ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերը» ԱՄՆ-ի համար։

Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, առաջինը 2021 թվականի մարտից ի վեր, նկարագրում է, թե ինչպես է Միացյալ Նահանգները, նախագահ Բայդենի ղեկավարությամբ, նախատեսում առաջ տանել իր կենսական շահերը եւ հասնել «ազատ, բաց, բարգավաճ եւ ապահով խաղաղության»։

Պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ԱՄՆ ազգային հզորության յուրաքանչյուր տարր՝ ռազմավարական մրցակիցներին «գերազանցելու», ընդհանուր խնդիրները լուծելու եւ «կանոններ» ձեւավորելու համար։

«Աշխարհը շրջադարձային փուլում է, եւ մեր այսօրվա ընտրությունները կորոշեն այն պայմանները, թե ինչպես ենք մենք պատրաստ դիմակայելու այն նշանակալի մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնց կբախվենք առաջիկա տարիների ընթացքում», - ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Խորհրդականը նշել է, որ Միացյալ Նահանգները թեւակոխել է «վճռական տասնամյակ» եւ կանգնած է երկու «հիմնարար» ռազմավարական մարտահրավերների առաջ։ Սալիվանը նշել է, որ առաջին հերթին պետք է ուշադրությունը կենտրոնացնել խոշոր տերությունների միջեւ առկա մրցակցության վրա՝ «միջազգային կարգի ապագան կերտելու համար», իսկ երկրորդ հերթին՝ անդրադառնալով «անդրազգային խնդիրներին», որոնք ազդում են ամբողջ աշխարհի մարդկանց վրա՝ սկսած «կլիմայի փոփոխությունից մինչեւ պարենային անապահովություն եւ վարակիչ հիվանդություն, ահաբեկչություն, էներգետիկ անցում եւ գնաճ»:

Բայդենի վարչակազմի ռազմավարությունը կենտրոնացած է «ամերիկյան հզորության եւ ազդեցության հիմնական աղբյուրներում եւ գործիքներում» ներդրումներ կատարելու վրա՝ ստեղծելով «ազգերի ամենաուժեղ կոալիցիան՝ գլոբալ ռազմավարական միջավայրը ձեւավորելու եւ ընդհանուր խնդիրները լուծելու համար», ինչպես նաեւ Միացյալ Նահանգների զինված ուժերը արդիականացնելու եւ հզորացնելու համար, որպեսզի:

Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը «միակ մրցակիցն է, որն ունի միջազգային կարգը փոխելու կամք եւ կարողություն»։