Իրաքի խորհրդարանը նախագահ է ընտրել քուրդ քաղաքական գործիչ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին, որն անմիջապես Մուհամմեդ Շայա ալ-Սուդանիին վարչապետ է նշանակել՝ վերջ տալով անցյալ տարվա հոկտեմբերին համազգային ընտրություններից հետո մեկ տարվա փակուղուն, հաղորդում է Reuters-ը:

Նախագահի պաշտոնը, որն ավանդաբար քուրդ է զբաղեցնում, հիմնականում արարողակարգային պաշտոն է, սակայն Ռաշիդի օգտին քվեարկելն առանցքային քայլ է նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ, ինչը քաղաքական գործիչներին չէր հաջողվել անել ընտրություններից հետո:

78-ամյա Ռաշիդը ինժեներ է, որը կրթությունը ստացել է Մեծ բրիտանիայում, 2003-2010 թվականներին եղել է Իրաքի ջրային ռեսուրսների նախարարը:

Նա կառավարություն ձեւավորելու համար հրավիրել է Սուդանիին՝ ամենամեծ խորհրդարանական դաշինքի թեկնածուին, որը հայտնի է որպես Համակարգող կառույց։ Նախկինում Սուդանին զբաղեցրել է Իրաքի մարդու իրավունքների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:

Զինվորականների հաղորդմամբ՝ քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Իրաքի մայրաքաղաքի կանաչ գոտում ինը հրթիռ ընկնելուց անմիջապես հետո: Անվտանգության ծառայության եւ բժշկական աղբյուրների տվյալներով՝ հարձակման հետեւանքով տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ուժային կառույցների աշխատակիցներ։