Հայաստանը պետք է հնարավորինս փորձի ձգձգել բանակցությունների ընթացքը եւ փաստաթղթի ստորագրումը, որովհետեւ կրկնվող ագրեսիայի դեպքերում պետք չէ ակնկալել, որ անգամ փաստաթղթի դրույթներից եւ ստորագրումից հետո Ադրբեջանիի գործողությունները փոխվելու են: Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Աշխարհի գերլարված վիճակում, երբ գերտերությունների ղեկավարներն իրենց խնդիրներն են լուծում, երրորդ երկրի մասին մտածելու ժամանակ չունեն, գոնե պետք չէ շտապել: Ստիպողաբար ստորագրված յուրաքանչյուր փաստաթղթում դու հավասարի դիրքերում չես կարող լինել: Ինձ համար ընդունելի է Չինաստանի դիրքորոշումը, որը հստակ ասում է, որ առանց Արցախի հարցի կարգավորման, ոչ մի հարցի կարգավորում չպետք է լինի եւ Իրանի դիրքորոշումը, ըստ որի էական փոփոխություններ տարածաշրջանում չպետք է լինեն: Կարծում եմ՝ մեր շահերը բխում են այս մոտեցումներից»,- նշեց նա:
Թարվերդյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ շահագրգռված արեւմտյան երկրներն իրականում այլ նպատակներ եւս հետապնդում են:
«Միգուցե Արեւմուտքը մտահոգված է, որ Արցախի անվտանգությունն ապահովող ռուսական զորախումբ կա: Կոնսոլիդացված Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության սահմանին մոտ ցանկացած պետության մեջ ստեղծել դժգոհություններ, դա է պատճառը, որ մեր բարեկամ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ սեպտեմբերյան ագրեսիան կատարվել է Ռուսաստանի իմացությամբ: Մենք պետք է շահերի համադրում անենք, եւ օգտագործենք մեր լավ հարաբերությունները, թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի հետ, որպեսզի ամրապնդենք մեր դիրքը եւ լինենք պաշտպանված: Ցավոք, փոքր երկրների քաղաքականությունը որոշվում է գերտերությունների քաղաքականության արդյունքում»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Երվանդ Թարվերդյանը բավարար չի համարում այն քայլերը, որոնք անում է իշխանությունն օրհասական խնդիրների լուծման ուղղությամբ: Ըստ նրա՝ իշխանության ապիկարությունը երեւում է բոլոր ոլորտներում կայացրած որոշումներում:
«Սխալ մոտեցում է, որ մենք խնդրում ենք որեւէ պետությունից, որ գա եւ մեզ պաշտպանի: Իշխանությունը պետք է համախմբի հասարակությանը, ոչ թե ասի՝ ռեսուրս չունենք, անգամ եթե, իրոք, չունենք: Պետք է մարդկանց համախմբի մեկ գաղափարի շուրջ, որ մեր պաշտպանությունը երկրի սահմաններից ներս է, որ անհրաժեշտության դեպքում պետք է կռվել հող ու ջրի համար: Պետք է դուրս գալ պարտվողի հոգեբանությունից: Ցանկացած փաստաթղթի, եթե մոտենում ես պարտվողի տեսանկյունից, հաջողություն չես ունենա»,- ընդգծեց Թարվերդյանը:











