Հայ-շվեյցարական բարեկամության խումբը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։ Հայաստանը, ըստ պատգամավորի, եվրոպական հանրության մաս է եւ ունի ընդհանուր արժեքներ։

«Մենք այստեղ ենք այս արժեքները պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք՝ դատապարտելու սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան, որն ուղղված էր Հայաստանի դեմ։ Մենք ականատես ենք եղել այս հանցագործությանը եւ ուզում ենք հայտարարել, որ Հայաստանի հետ ենք։ Մենք նույնպես ցանկանում ենք դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Ադրբեջանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար»,-ասել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Պատգամավորի խոսքով՝ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը ժամանել է հանրապետություն՝ հստակ մատնանշելու ագրեսորին։