Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ, եթե Հայաստանը «չկատարի» իր պարտավորությունները. Այս մասին Անկարայում կայացած գագաթաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը «կատարում է հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում՝ Հայաստանից Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։ «Հայաստանը, մասնավորապես,չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անխոչընդոտ մուտքը դեպի Նախիջեւան, ինչը նրա օրինական պարտավորությունն է, եւ դեռեւս չի դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»,-ասել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «դեռ համբերություն է ցուցաբերում, բայց դա նույնպես անսահմանափակ չէ»։ «Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը»,-ասել է նա։
Ալիեւը հավելել է, որ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»։ «Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջեւ հակասություններ չի առաջացրել»,-ասել է Ալիեւը։





























