Չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղի ժողովուրդը հայտնվի Ադրբեջանի իշխանության տակ։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։
Նրա կարծիքով՝ ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների տեսանկյունից ամենակարեւոր կետերից մեկն է։
«Մենք հստակ տեսնում ենք, որ կա գոյության խնդիր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես մնացել է միջազգային հանրության տեսադաշտից դուրս։ Պետք է քաղաքական լուծում գտնել, այլ ոչ թե զենքի օգնությանը դիմել, որը կբերի նոր ցեղասպանության»,-ասել է նա։
Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը նշել է, որ Ադրբեջանում երկար տարիներ տիրում էր էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ հայերի նկատմամբ։ Եվ, հետեւաբար, չի կարելի թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվի Ադրբեջանի իշխանության տակ։





























