Հայաստանն ու Իրանը ծրագրում են փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած այցի մանրամասները։
Նա ասաց, որ առաջին 8 ամիսներին այս ցուցանիշն աճել է 43 տոկոսով՝ նշելով, որ եթե հայկական կողմի բարձրացրած խնդիրներն արագ լուծվեն, ապա 1 միլիարդ դոլարը կդառնա հեշտ հասանելի ցուցանիշ։
Պապոյանը հիշեցրեց, որ Իրանը նախատեսում է միջանցք բացել Պարսից ծոցից դեպի Սեւ ծով, եւ այս նախագծի կարեւոր հանգույցներից մեկը կլինի Հյուսիս-Հարավ միջանցքը, որն անցնում է Սյունիքի մարզով։
«Իրանի կառավարությունն ու իրանական ընկերությունները շահագրգռված են Հյուսիս-Հարավ միջանցքի որոշակի հատվածի կառուցմամբ։ Այս հարցի շուրջ քննարկումները եղել են եւ շարունակվելու են։ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել իրանական կողմին»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, Իրանի ու Հայաստանի տնտեսական հարաբերությունների մակարդակը լրջորեն զիջում է քաղաքական հարաբերություններին, որոնք շատ բարձր մակարդակի վրա են գտնվում։
«Մտահղացումներ կան համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ առեւտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտում»,- եզրափակեց Պապոյանը։











