Եթե դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը ու ամեն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պետք է պատրաստ լինես թշնամուն դիմավորես Երեւանում: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Օրվա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով թուրքը Ջերմուկում է, ինչը չէինք կարող պատկերացնել նույնիսկ մի քանի ամիս առաջ: Այս վտանգը պետք է հասցնենք ժողովրդին ու ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եթե այս օրհասական վիճակում մենք չկարողանանք դա անել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, սա չափազանցություն չէ: Ու Նիկոլը խաղաղության օրակարգով փորձելու է բթացնել հասարակությանը, ասելու է` ճար չկա, հնարավորություն չկա, Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահենք, մինչեւ Երեւան: Սա է իրականությունը: Ես վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է կատարվում ու ոտքի չի ելնում»,- ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` այս պահին հասարակության մեջ կա լուրջ բանաձեւ` Արեւմուտք, թ Ռուսաստան, սակայն չկա բանավեճ, թե մենք ինքներս ոնց ենք մեզ պաշտպանելու, ու դրանից հետո հասկանանք, թե անվտանգության շահերը որ երկրի հետ են համընկնում եւ ըստ դրա հարաբերություններ կառուցենք:
«Եթե մենք չենք պաշտպանում մեր հայրենիքը, որեւէ մեկը մեր փոխարեն դա չի անելու: Չկա աշխարհում նման պետություն, որի իշխանությունը պատրաստ չէ կազմակերպել իր երկրի պաշտպանությունը, բայց ինչ-որ մեկը դա պետք է իր փոխարեն անի: Նիկոլն իր քաղաքականությամբ բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ որ ասում են ընդդիմադիրներին կտանենք բանակ, զորահավաքի ու դրանով սպառնում են, բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը դարձրել են պատիժ: Քո զինվորը չի կարող լիարժեք պահպանի սահմանները, երբ որ գիտի` իր թիկունքում դավաճաններ են»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը առաջիկայում հայտարարելու է, որ Ռուսաստանը, Իրանը, Արեւմուտքը չեն օգնում, պետք է Արցախը հանձնեն, որ Հայաստանը պահեն. «Մենք պետք է հենց սա կանխենք, եւ ռեսուրս կա, եւ դաշնակիցներ կան եւ բոլոր հնարավորությունները»:





























