Այսօր՝ օգոստոսի 31-ին ողջ աշխարհում նշվում է Բլոգի միջազգային օրը։ Նախորդ տարի Բլոգի միջազգային տոնին առաջին անգամ միացան նաեւ հայաստանյան բլոգերները։ Նրանք, օրվա խորհրդին համահունչ, անգամ փոքրիկ կայք պատրաստեցին՝ www.blogday.am, որը սակայն ներկայումս չի աշխատում։ Այդուամենայնիվ, բլոգերները իրենց տոնը այս տարի եւս նշելու են հենց բլոգերում յուրահատուկ կերպով։
Այսօր յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ եւ գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգեր Վարդան Պապիկյանը՝ նշելով, որ որ սա բլոգի օրը նշելու ընդունված տարբերակ է ողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս աշխուժություն եւ հետաքրքրություններ բերել բլոգոսֆերա եւ այդպիսով մեկը մյուսի մասին տեղեկացնել։
Տեղեկացնենք, որ Բլոգի միջազգային օրն սկսել են նշել 2005 թվականից։ Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով «31.08»-ի նմանությունը BLOG բառին:




























