Եվրահանձնաժողովը մտադիր է այս շաբաթ ԵՄ-ում բնական գազի գնի «դինամիկ» շեմ եւ պարտադիր սահմանաչափեր առաջարկել, թե որքանով կարող են սակարկվող գները տատանվել մեկ օրվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով առաջարկի նախագիծը:
ԵՄ կառավարությունների հետ համաձայնեցվելիք առաջարկի համաձայն՝ Էներգետիկ կարգավորիչների միջեւ համագործակցության եվրոպական գործակալությանը (ACER) կհանձնարարվի մինչեւ մարտի 23-ը ԵՄ-ի կողմից գնվող հեղուկացված բնական գազի հսկիչ գին սահմանել:
Հանձնաժողովն առաջարկում է հնարավոր միջամտություն հոլանդական TTF-ի գնին, որը լայնորեն օգտագործվում է Եվրոպայում պայմանագրերի եւ հեջավորման համար:
ԵՀ-ն «ծայրահեղ դեպքում» կառաջարկի սահմանել շուկայական «դինամիկ» գին, որով որոշակի պայմաններում բնական գազի գործարքները կարող են իրականացվել TTF սփոթ շուկայում։
Նախագծում նշվում է, որ այդ միջոցները չպետք է ազդեն մատակարարումների հուսալիության վրա, չպետք է հանգեցնեն գազի սպառման ավելացման կամ ազդեն էներգետիկ ածանցյալների շուկաների կանոնավոր գործունեության վրա։ Պնդում է, որ միջոցառումները կլինեն ժամանակավոր՝ ոչ ավելի, քան երեք ամիս։
ԵՄ գազի առեւտրի մյուս կենտրոնները կկապվեն TTF-ի ճշգրտված սփոթ գնի հետ՝ դինամիկ գնային միջանցքով:
Հանձնաժողովի առաջարկի նախագծում նաեւ ասվում է, որ ԵՄ առեւտրային հարթակները մինչեւ հունվարի 31-ը պետք է սահմանեն, թե որքանով կարող են էներգիայի ածանցյալները մեկ օրվա ընթացքում բարձրանալ կամ իջնել:
Այս առաջարկները պետք է հաստատվեն ԵՄ կառավարությունների կողմից, որոնք ավելի քան մեկ ամիս վիճում են այն բանից հետո, երբ Հանձնաժողովն առաջին անգամ առաջարկեց սահմանափակել ռուսական գազի գինը սեպտեմբերի սկզբին։
ԵՄ անդամները, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան եւ Նիդեռլանդները, ասում են, որ գների սահմանափակումները կարող են հանգեցնել գազի անբավարարության եւ կարող են չխթանել էներգախնայողությունը:
Մյուսները գների լայն սահմանների կողմնակից են եղել: Բելգիան, Հունաստանը, Իտալիան եւ Լեհաստանը գների միջանցք են ցանկանում մեծածախ գործարքների համար, ինչը կնշանակեր շուկայականից ցածր կենտրոնական արժեք ունեցող գների միջակայք:
ԵՄ առաջնորդները պատրաստվում են տարբերակները այս շաբաթվա վերջին քննարկել:
Եվրահանձնաժողովի առաջարկը ներառում է նաեւ գազի համատեղ գնումների գաղափար, համերաշխության մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել ամբողջ բլոկում մատակարարումների կտրուկ տատանումներից, եւ գազի պահանջարկը նվազեցնելու ձգտում:





























