Եվրամիությունը հավանություն է տվել հազարավոր ուկրաինացի զինծառայողների ռազմական ուսումնական առաքելությանը եւ երկրի համար զենք գնելու շուրջ 500 միլիոն եվրո լրացուցիչ միջոցների հատկացմանը, հայտնում է AP-ն։

Առաքելությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում եւ այն ղեկավարում է ֆրանսիական նավատորմի սպա, փոխծովակալ Էրվե Բլեժանան, սկզբում կտեւի երկու տարի՝ գրեթե 107 միլիոն եվրո բյուջեով:

Առաքելության նպատակն այն է, որ թույլ տա ուկրաինական զինված ուժերին «արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել», որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, արդյունավետորեն իրականացնել իր ինքնիշխանությունը եւ պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը»:

Նշվում է, որ ԵՄ-ն կապահովի «անհատական, կոլեկտիվ եւ մասնագիտացված ուսուցում»։ Դասընթացին կկարողանան մասնակցել ԵՄ-ի կազմում չընդգրկված երկրները։ Սկզբնական նպատակը մոտ 15 000 ուկրաինացի զինվորների պատրաստումն է, հիմնականում՝ Լեհաստանում եւ Գերմանիայում:

Հույս կա, որ առաքելությունը կմեկնարկի նոյեմբերի կեսերին:

ԵՄ-ն նաեւ հաստատել է 500 միլիոն եվրոյի վեցերորդ տրանշը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, որն օգտագործվում է անդամ երկրներին փոխհատուցելու համար, որոնք զենք, զինամթերք եւ ոչ մահաբեր ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային:

Այս գումարից մոտ 10 միլիոն եվրոն կօգտագործվի սարքավորումներով եւ սպառման միջոցներով ապահովման համար, ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները, առաջին օգնության տուփերը եւ վառելիքը: