Սաուդյան Արաբիան հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին Ռուսաստանին աջակցելու վերաբերյալ՝ կապված գների բարձրացման նպատակով նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշման հետ՝ պնդելով, որ դա զուտ գործնական որոշում է եղել, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ցնցված ենք այն մեղադրանքներից, որ թագավորությունը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում»,- Twitter-ում գրել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բեն Սալմանը:

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ՕՊԵԿ+ կարտելը, որի մեջ մտնում է Ռուսաստանը, զայրացրել է Վաշինգտոնին՝ որոշելով նոյեմբերից օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը, ինչն ուժեղացրել է ճնշումը նավթի գների կտրուկ աճի վրա:

«Հատկանշական է, որ այդ կեղծ մեղադրանքները չեն հնչել ուկրաինական կառավարությունից»,- գրել է արքայազն Խալեդը: «Թեեւ ՕՊԵԿ+-ի միաձայն որոշումը պայմանավորված է եղել զուտ տնտեսական պատճառներով, ոմանք մեղադրել են թագավորությանը Ռուսաստանի կողմը լինելու մեջ: Իրանը նույնպես ՕՊԵԿ-ի անդամ է, նշանակո՞ւմ է արդյոք դա, որ թագավորությունը նաեւ Իրանին է աջակցում»,- նշել է նա։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդն ասել էր, որ իր երկիրը «քրտնաջան աշխատում է էներգետիկ ռազմավարության վրա՝ նավթի համաշխարհային շուկաներում կայունությունն ու հավասարակշռությունը պահպանելու համար»։

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, որոնք, ինչպես Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի դաշնակիցներն են եւ ՕՊԵԿ-ում գործընկերներ են, նույնպես պաշտպանել են կարտելի որոշումը՝ որպես «տեխնիկական» քայլ։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցյալ շաբաթ ասել է, թե Էր-Ռիադը գիտեր, որ կրճատումները «կմեծացնեն ռուսական եկամուտները եւ կնվազեցնեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը»:

Միացյալ Նահանգները խոստացել է վերանայել հարաբերությունները նավթով հարուստ թագավորության հետ այս քայլից հետո, որը դիտվել է որպես դիվանագիտական ապտակ նախագահ Ջո Բայդենին՝ Կոնգրեսի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ամերիկյան սպառողների համար բենզինի գների բարձրացման հետ կապված:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի ասել է, որ Բայդենը «չի պլանավորում» հանդիպել գահաժառանգ արքայազն Մուհամմեդի հետ Ինդոնեզիայում G20-ի առաջիկա գագաթաժողովում։