Ռուսական ԱԳՆ-ում ծաղկում է սեքսիզմը: Այդ մասին ասվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի գաղտնի հեռագրում, որը հրապարակել է Wikileaks-ը: Ինչպես գրել է ԱՄՆ դեսպանը, բոլոր ղեկավար պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ, սակայն ռուսները դա բացատրում են նրանով, որ «տղամարդիկ ավելի սովոր են երկարատեւ գործուղումներին, խիստ կլիմային, ինչպես նաեւ բարդ քաղաքական եւ պատերազմական իրավիճակներին, որոնցում շատ հաճախ հայտնվում են դիվանագետները»:

«Ռուսական ԱԳՆ-ն շարունակում է մնալ որպես սլավոն տղամարդկանց բաստիոն, ովքեր հաճախել են մոսկովյան լավագույն դպրոցները: Շենքի ներսում իմ տեսած կանայք հիմնականում զբաղեցնում են քարտուղարուհիների կամ ատաշեների պաշտոն, եւ նրանց հաճախ գործուղում են արտերկիր»,- գրել է Բայերլին:

«Այն (ԱԳՆ) նման է այլ սերնդի հաստատության, որտեղ նույնիսկ չեն փորձում թաքցնել սեքսիզմը, որտեղ տիրում է խիստ ուղղահայաց իշխանություն, ժամանակակից տեխնոլոգիաների սահմանափակ կիրառում եւ փորձ սահմանել հսկողություն տեղեկատվության եւ շփումների վրա, ինչպես խորհրդային ժամանակներում»,- նշվում է դեսպանի հեռագրում, հայտնում է «Газета.ru»-ն:

Դեսպանը նաեւ նշում է, որ ռուսաստանցի 4500 դիվանագետներից միայն 15 տոկոսն են կին: